ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունելության կարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ՆԱԽԱՐԱՐ 

 Հ Ր Ա Մ Ա Ն
 24.07.2008թ                                                                                                               N 103 – Ա/1 

 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 11-րդ կետի 4-րդ ենթակետի՝ հրամայում եմ՝ 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի։ 

                                                             ՆԱԽԱՐԱՐ                                    Ա. Գրիգորյան


 Հավելված 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 
2008թ. հուլիսի 24-ի N 103-Ա/1 հրամանի 

 ԿԱՐԳ 
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ 

1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ՝ Նախարար), Նախարարի տեղակալների և Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը: 
2.Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարության աշխատակազմի ղեկավարը իրականացնում են քաղաքացիների ընդունելություն՝ նրանց առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու նպատակով: 
3.Նախարարի կողմից քաղաքացիների ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, ժամը 14.00-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում: 
4.Եթե սույն կարգում սահմանված ժամկետում անհնար է Նախարարի կողմից իրականացնել քաղաքացիների ընդունելություն, ապա ընդունելության ժամանակա հատվածը տեղափոխվում է այլ աշխատանքային օր, կամ նշանակվում է այլ ժամերին՝ նախապես առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով քաղաքացիներին և տեղեկատվությունը տեղադրելով Նախարարության վարչական շենքի 1-ին հարկում և էլեկտրոնային կայքի էջում: 
5.Նախարարի տեղակալների, Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելություն կատարվում է ըստ անհրաժեշտության, նրանց իրավասության շրջանակներում՝ Նախարարի հանձնարարականի հիման վրա՝ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 11.00-ից 13.00-ը: Ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը տեղադրվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով: 
6.Նախարարի, Նախարարի տեղակալների, Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նախապես լրացնելով համապատասխան դիմում (Ձև 1) և գրանցելով քաղաքացիների ընդունելության մատյանում և էլեկտրոնային կայքում:
7.Լրացված դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են Նախարարության աշխատակազմի քարտուղարություն, որտեղ դրանք դասակարգվում են ըստ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատկանելության (հարցի ուսումնասիրման և պարզաբանման գործընթացին ներգրավում են նախարարության աշխատակազմի համապատասխան մասնագետները), կազմվում է համապատասխան տեղեկանք (Ձև 2) և ներկայացվում նախարարին: 
8. Քաղաքացին տեղեկացվում է ընդունելության օրվա և ժամի մասին ընդունելության օրվանից առնվազն մեկ օր առաջ: 
9.Ընդունելությանը մասնակցում են Նախարարության աշխատակազմի քարտուղարության արձանագրային և հանձնարարականների հսկողության բաժնի պետը, որը կազմում է արձանագրություն և Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: 
10.Ընդունելության ժամին Նախարարության աշխատակազմի բոլոր պաշտոնատար անձինք և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները անհրաժեշտության դեպքում Նախարարի հրավերով կարող են մասնակցել ընդունելությանը:


      Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝              Լ.ՍԱՐԳՍՅԱՆ