ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատմություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ստեղծվել է 2007 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի վերակազմավորման արդյունքում: 

Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով uահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, որը գործում է 11 կառուցվածքային ստորաբաժանումներով (6 վարչություն և 5 բաժին): 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազորված պետական կառավարման մարմինն ստեղծվել և ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 90 տարի: 

Մեր նախարարները՝ 

Հրաչյա Ռոստոմյան      պաշտոնավորվում է 2016 թվականի սեպտեմբերի 27-ից 

Գաբրիել Ղազարյան     2014-2016 թթ.

Յուրի Վարդանյան      2013-2014 թթ. 

Հրաչյա Ռոստոմյան     2012-2013 թթ. 

Արթուր Պետրոսյան     2010-2012 թթ. 

Արմեն Գրիգորյան        2007-2010 թթ.


ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ 

Սկսած հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ հեթանոսական տոնախմբությունների ժամանակ (Նավասարդ, Վարդավառ, Բարեկենդան, Ջրօրհնեք, Ծաղկազարդ, Տրնդեզ, Զատիկ Սուրբ Սարգիսի տոն կամ պաս, Համբարձում) կազմակերպվել են նաև մարզական մրցումներ և խաղեր՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, պարսատկանետության, ձիավարության  և այլ մարզաձևերից:
Հայկական ազգային այս տոնախմբությունների մարզական ծրագրերն անչափ նման էին հին հունական օլիմպիական խաղերի ծրագրերին, որը և հնարավորություն էր ընձեռնում հայ մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերին: 

Հայտնի է, որ 281թ. կայացած 265-րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտիկների մրցումներում հաղթել է Տրդատ 3-րդ Արշակունին: Նրա թագավորության օրոք, 301թ. Հայաստանում քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն: 
Բռնցքամարտիկների մրցումներում չեմպիոն է հռչակվել Վարազդատ Արշակունին:  ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ 1998թ. մայիսի 8-ին Օլիմպիայում (Հունաստան) ՄՕԿ-ի օլիմպիական ակադեմիայի տարածքում տեղադրվել է 385 թվականի 291-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Վարազդատ Արշակունու մարմարյա կիսանդրին:

Հնագույն ժամանակներից Հին և Միջնադարյան Հայաստան հասած տարբեր մարզաձևերը, խաղերը և ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են ունեցել ֆիզիկական դաստիարակության հայկական ազգային համակարգի ստեղծման գործում: 
Այդ համակարգը ներառում էր` 
1.Ընտանեկան և անհատական ֆիզիկական դաստիարակությունը` մարզիչների ղեկավարությամբ: 
2.Ֆիզիկական դաստիարակությունը կրթական օջախներում:
3.Ռազմաֆիզիկական դաստիարակությունը բանակում: 

Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանում և մի շարք հայկական գաղթօջախներում ֆիզիկական դաստիարակությունը, կրթությունը և մշակույթը որոշակի առաջընթաց են ապրել: Նոր հայկական դպրոցներ են բացվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Պոլսում, Էջմիածնում, Աստրախանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Երևանում, Շուշիում և այլուր: Այս և այլ դպրոցների մեծամասնությունում դասավանդվում էր «Ֆիզիկական կուլտուրա» առարկան, դպրոցականների համար կազմակերպվում էին սպորտային մրցումներ, խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ: Քիչ ավելի ուշ թե' Հայաստանում և թե' հայկական գաղթօջախներում սկսել են կազմակերպվել մարզական ակումբներ և տարբեր մարզաձևերի խմբեր, անցկացվել են համահայկական մարզական մրցումներ և սպորտային 11 տոնախմբություններ, ի հայտ են եկել անվանի մարզիկներ և մարզական գործիչներ: 

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը վերելք ապրեցին Հայաստանի առաջին Հանրապետությունում (1918-1920), ինչը շարունակվեց Խորհրդային տարիներին և շարունակվում է նաև ներկայումս: