ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը

08 նոյեմբեր 2017
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 

Հանձնաժողովի նախագահը ներկաներին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը: Իր խոսքում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մասնավորապես անդրադարձել է մրցույթն անաչառության և թափանցիկության պայմաններում կայացնելու հրամայականին: 

Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Այդ նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների հետ, համագործակցության փորձ ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ, միաժամանակ նախարարությունն իրականացնելու է մրցույթին մասնակցել ցանկացող մարզական լրագրողների հավատարմագրում

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակներում այլ անվանակարգերի սահմանման հնարավորությունը, ինչը նախատեսված է մրցույթի կանոնակարգով: 

Հանձնաժողովի նախագահ Ա. Քարամյանը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվի 2017 թվականի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսությունը:
Ետ գնալ