ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկում՝ հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման հետագա ծրագրերի վերաբերյալ

18 մայիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ հայկական ազգային կոխ ըմբշամարտի հետագա զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում վերապատրաստում անցած մարզիչները, նախաձեռնել էր «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանի: 

Վ. Գալուստյանը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ՝ ազգային կոխ ըմբշամարտի մարզումները ոչ միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող, այլ նաև այլ գերատեսչական պատկանելության մարզադպրոցներում կազմակերպելու նպատակով: «Սա ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային արժեք է, որ մեզ է փոխանցվել, և որը պարտավոր ենք պահպանել ու ժառանգել հաջորդ սերունդներին»,- ասել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է անցկացնել ազգային կոխ ըմբշամարտի ՀՀ առաջնություն, որի արդյունքները լավ ստուգատես կլինեն հայ մարզիկների համար: 

Քննարկանը մասնակցել են ըմբշամարտ, ձյուդո և սամբո մարզաձևերի ավելի քան 20 մարզիչներ: Ներկաները համակարծիք են եղել, որ համատեղ ուժերով հնարավոր է պատանի մարզիկների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել հայկական ավանդական այս մարզաձևի նկատմամբ: 

Հանդիպման ավարտին ֆեդերացիայի նախագահ Վ. Գալուստյանը մարզիչներին է հանձնել մարզահագուստ՝ իրենց սաներին փոխանցելու համար: «Մարզահագուստի տեսքը դեռևս վերջնական չէ: Սրանով ձեր սաները կսկսեն իրենց մարզումները, հետագայում՝ բոլորիդ կարծիքները լսելուց հետո, հնարավոր է մշակվի մարզահագուստի նոր տարբերակ»,- հավելել է Վ. Գալուստյանը:
Ետ գնալ