ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ 2019 թվականի արգելված նյութերի վերաբերյալ

27 փետրվար 2019
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ 2019 թվականի արգելված նյութերի վերաբերյալ՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացրեց նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը: 

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում կարևորեց արգելված նյութերի բացառումը ինչպես մարզիկների մարզումների ընթացքում, այնպես էլ մարզումներից դուրս: «Վստահ եմ, որ բոլոր ներկաները գիտակցում են, թե նախաօլիմպիական տարում որքան կարևոր է պահպանել այն բոլոր կանոնները, որոնք այսօր կներկայացնի մեր հակադոպինգային ծառայության պետը»,- ասաց Գ. Ղազարյանը: 

Սեմինարի բանախոս Արեգ Հովհաննիսյանը ներկայացրեց տարբեր նյութերի օգտագործման առանձնահատկությունները: Նա մասնավորապես նշեց, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ գլուկոկորտիկոստերոիդների օգտագործումը պետք է դադարեցնել մրցումներից առնվազն 15 օր առաջ, երբ դրանք օգտագործվում են օրալ, ներերակային, միջմկանային կամ ռեկտալ ճանապարհով: Տեղային միջհոդային, միջմաշկային, ներսինովիալ, հարհոդային, հարջղային ներարկումը թույլատրված է, եթե դա իրականացվել է մրցումային շրջանի սկզբից ոչ պակաս քան, 72 ժամ առաջ: «Այս դեպքում չի պահանջվում բուժման նպատակով արգելված դեղերի օգտագործման թույլտվություն, իսկ մրցումների սկզբից այլ ժամանակահատված առաջ կատարված տեղային ներարկման դեպքում այդ թույլտվությունը պարտադիր է»,- տեղեկացրեց մասնագետը:
Ետ գնալ