ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային նախարարական հանդիպմանը

12 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը մասնակցում է, Երիտասարդության և ուսանողության միջազգային XIX փառատոնի նախօրեին, Մոսկվայում մեկնարկած երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերով պատասխանատու մարմինների ղեկավարների միջազգային նախարարական հանդիպմանը: 

Նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում խոսելով երիտասարդների հիմնախնդիրներից՝ կարևորել է նրանց անվտանգությունը, ինչպես նաև իրենց ապագայի համար ներդրումներ անելու և իրենց երկրի զարգացման համար կայուն հիմքեր ստեղծելու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետությունը ավանդաբար ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու համար, որը կապահովի անվտանգ միջավայր տարածաշրջանի բոլոր երիտասարդների ինքնաիրացման համար: Իսկ դրա լուծումն անմիջականորեն հենված է երկխոսության և փոխզիջման վրա, ինչը չի կարող ենթադրել ավելի ցածր կարգավիճակ, քան Արցախի Հանրապետության ներկա կարգավիճակն է», - իր խոսքում նշել է Արսեն Քարամյանը: 

Նշենք, որ հանդիպման շրջանակներում մասնակից երկրների միջև իրականացվելու է երիտասարդական պետական քաղաքականության լավագույն փորձի փոխանակում, քննարկվելու է երիտասարդների դերն արդի մարտահրավերների հաղթահարման և կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացներում: Իրականացվելու են նաև բարձր մակարդակի հանդիպումներ՝ երկկողմ փոխանակման ծրագրերի իրականացման և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրման հնարավորությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու և գործընկերային կապեր հաստատելու նպատակով:
Ետ գնալ