ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ռոստոմյանը մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը

08 փետրվար 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: 

Ընդունված արարողակարգի համաձայն գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրներում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները: Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթն ընդունել է ՖԻՖԱ-ի 1998 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից: 

Ոսկե գավաթը 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը ներառելու է ավելի քան 50 երկիր, որոնցից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում: 

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Ս. Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով: 

Նախագահ Ս. Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:
Ետ գնալ