ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

06 դեկտեմբեր 2017
Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է օրակարգային 3 հարց՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչությունների և բաժինների երիտասարդական ոլորտի մասնագետների/աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտության, համայնքային ենթակայության երիտասարդական կենտրոնների` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրերին շահառու համարվելու և Հայաստանի Հանրապետության մարզադպրոցներում և հավաքական թիմերի սպորտային պատրաստության գործառույթներում մարզական գիտությունների գործնական ներդրման վիճակի (սպորտային բժշկություն, հոգեբանություն, մանկավարժություն, կենսամեխանիկա և այլն) և նշված ոլորտների մասնագետների որակավորման դասընթացների կազմակերպման վերաբերյալ: 

Օրակարգի 1-ին և 2-րդ հարցերը ներկայացրել է «Գյումրու երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանը: Քննարկումից հետո որոշվել է մշակել համապատասխան իրավական փաստաթուղթ, որը հնարավորություն կտա տեղական ինքնակառավարման մարմիններում ունենալ երիտասարդության հարցերով զբաղվող առանձին մասնագետ, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդամենը երկու համայնքային ենթակայության երիտասարդական կենտրոններ, սկսել քննարկումներ՝ դրանց հատուկ կարգավիճակ սահմանելու հնարավորությունների վերաբերյալ կամ վերջիններիս հնարավորություն տալ հանդես գալու որպես համահայտատու՝ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար: 

Օրակարգի 3-րդ հարցը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Լալայանի անվան մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը: Հասարակական խորհրդի անդամները քննարկելով հարցը որոշվել են ուսումնասիրել գիտա-մեթոդական խորհուրդ ստեղծելու հնարավոր ուղղությունները՝ այդ աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների առաջատար փորձագետներին:
Ետ գնալ