ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը՝ Ուսանողության և երիտասարդության օրվա առթիվ

16 մայիս 2017
Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ, 

2015 թվականից մայիսի 16-ը, մեր կրթության և գիտության գլխավոր դարբնոցի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, մեր երկրում նշվում է որպես Ուսանողության և երիտասարդության օր: 

Ուրախ եմ, որ հայ ուսանողությունը և երիտասարդությունը ունի ուրույն հնարավորություն իր խնդիրները, ցանկություններն ու գաղափարները բարձրաձայնելու: 

Դուք մշտապես առանձնանում եք ակտիվությամբ, համարձակությամբ, եռանդով, աշխարհն ու կյանքը բարեփոխելու նորարար գաղափարներով ու ծրագրերով: Դուք եք մեր երկրի սահմաններում, առաջնագծում անձնվիրաբար ծառայում մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: Եվ որոշակիորեն ձեզ հետ է կապվում մեր երկրի ներկայի և առավել ևս ապագայի հույսը: 

Բազմաթիվ մարտահրավերներով և հիմնախնդիրներով, բայց և փոփոխություններով հարուստ այս ժամանակաշրջանում, ձեզ կոչ եմ անում առավել գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի բոլոր կարևոր գործընթացներին՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման և հզորացման: 

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ, որ ձեր գիտելիքների և կարողությունների շարունակական հարստացմամբ և կատարելագործմամբ միշտ լինեք մրցունակ: Մաղթում եմ նաև անսպառ ուժ ու եռանդ՝ կենսագործելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք կդառնան ոչ միայն ձեր կայացման գրավականը, այլև կնպաստեն մեր հայրենիքի հզորացմանը, ազգային ինքնության, ազգային և համամարդկային արժեքների զարգացմանը և խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:
Ետ գնալ