ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն նաև երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացման ուղղությամբ

10 հուլիս 2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին և իրանական ազգային՝ զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհսեն Մեհրալիզադեի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են իրանական ազգային փահլավանի մարզաձևում հայ մարզիկներին ընդգրկելու և այդ մարզաձևի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական, քաղաքական կամ մշակութային համագործակցությամբ, դրանք խոր արմատներ ունեն նաև սպորտի ոլորտում: 

Պարոն Մեհրալիզադեն ներկայացրել է փահլավանի մարզաձևի առանձնահատկությունները՝ դրա փիլիսոփայական և հոգեբանական մեծ ներուժը: «Փահլավանին նպաստում է մարզվողների ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, այլև նրանց դարձնում է առավել խոհուն, հանդուրժող և սերմանում բարություն ու ներողամտություն: Հնում փահլավանները համարվել են իմաստուններ, նրանց դիմել են տարբեր տարաձայնությունների լուծում տալու խնդրանքով»,- տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաև ասել է, որ աշխարհի շուրջ 85 երկրներում գործում են զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիաներ, և խնդրել է նախարարի աջակցությունը՝ մեր երկրում այդ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու հարցում: 

Նախարար Ռոստոմյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ազգային մարզաձևի՝ հայկական ավանդական կոխ ըմբշամարտի պահպանմանն ու զարգացմանը: «Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգով սահմանված դրույթները գտնվում են պետական հոգածության ներքո: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կոխի զարգացման համար, և այս տարի առաջին անգամ մենք անցկացնելու ենք կոխի ՀՀ առաջնություն: Կոխը մարզա-մշակութային արժեք է, և մենք պարտավոր ենք այն պահպանել ու փոխանցել ապագա սերունդներին»,- ասել է Հ. Ռոստոմյանը և ավելացրել, որ հենց այս տեսանկյունից պարզ և հասկանալի է իրանցի գործընկերների հոգատար վերաբերմունքն իրենց ազգային մարզաձևի նկատմամբ: 

Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանում զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիա հիմնելուց և մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո իրանցի մասնագետները կայցելեն Հայաստան և կկազմակերպեն դասընթացներ հայ մասնագետների համար:
Ետ գնալ