ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ

11 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: 

Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հ. Ռոստոմյանը: 

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը: 

Նշենք, որ այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: «Նախարարության կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ նաև մյուս բոլոր մարզերում մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է նախարար Ռոստոմյանը։
Ետ գնալ