ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Լիտվա համագործակցության հուշագիրը՝ գործողության մեջ

19 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին և Լիտվայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Գիենդրիուս Դամբրաուսկասին: 

Նախարարը ողջունելով հյուրերին՝ իր գոհունակությունն է հայտնել, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության մասին վերջերս ստորագրված համաձայնագիրն արդեն կյանքի է կոչվում: «Հոկտեմբերի 4-ին ստորագրվեց պայմանագիրը, իսկ այսօր արդեն սիրով հյուընկալում ենք Լիտվայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին: Համագործակցությունն ավելի խորացնելու և առարկայական դարձնելու համար առաջարկում եմ փոխգործակցության մասին փաստաթուղթ ստորագրել նաև երկու երկրների ըմբշամարտի ֆեդերացիաների միջև»,- ասել է նախարար Հ. Ռոստոմյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարը: 

Դեսպան Պետրիկասը շնորհակալություն է հայտնել Գիենդրիուս Դամբրաուսկասի այցելությունը կազմակերպելու համար և նշել, որ այսօր և վաղը վերջինիս հետ լինելու են Օլիմպավանում և Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, ծանոթանալու են մեր ըմբիշների մարզումային պայմաններին, ինչն էլ, դեսպանի կարծիքով, մեծապես նպաստում է միջազգային մրցահարթակներում հայ մարզիկների ձեռքբերումներին: 

Իր հերթին Գ. Դամբրաուսկասը նշել է, որ լավ ծանոթ լինելով հայ ըմբիշներին, գտնում է, որ նրանց մրցելույթներով հիանում է ոչ միայն հայ ժողովրդը, այլ նաև՝ ողջ աշխարհը. «Բացեք ցանկացած մարզական ամսագիր և դուք կտեսնեք այնտեղ Արթուր Ալեքսանյանի լուսանկարը: Նա շատ շնորհաշատ և հեռանկարային մարզիկ է և ներկայացնում է ոչ միայն իրեն կամ մեկ մարզաձև, այլ մի ողջ ազգ և երկիր»,- ասել է հյուրը:
Ետ գնալ