ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ

22 ապրիլ 2019
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ: 

Գաբրիել Ղազարյանը մարզիչներին հորդորել է շարունակել բնականոն մարզումները՝ ուսումնամարզական հավաքներում ընդգրկելով Հայաստանում մարզվող բոլոր հեռանկարային մարզիկներին: «Անելու ենք առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու և նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Նախարարի առաջին տեղակալը հավաքականների մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները՝ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին փոխանցելու համար: 

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ետ գնալ