ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է թեքբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին

23 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է թեքբոլի (teqball) միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Վիկտոր Հուզարին (Victor Huszar), տնօրեն Մեթյու Քարթինին (Matthew Curtain) և միջազգային հարաբերությունների ղեկավար Մարիուս Վիզեր Կրտսերին (Marius Vizer Jr): 

Հյուրերը ներկայացրել են թեքբոլ մարզաձևի առանձնահատկությունները, տեղեկացրել, որ այս մարզաձևի ֆեդերացիաներ են գործում 65 երկրներում, և իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանում թեքբոլի մասսայականացման ու զարգացման գործում: Ինչպես նշել է թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզարը, մարզաձևը երիտասարդ է և շատ դիտարժան, այն համատեղում է մի քանի մարզաձևերի՝ սեղանի թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի և այլն մարզաձևերի հնարքներ: Նա ասել է, որ արդեն անցկացվել է թեքբոլի աշխարհի երկու առաջնություն: 

Գաբրիել Ղազարյանը, ողջունելով հյուրերին նշել է, որ համացանցով արդեն դիտել է թեքբոլի աշխարհի առաջնության մի քանի մրցումներ: Նա կարևորել է, որ այս մարզաձևը, դինամիկ և հետաքրքիր լինելուց բացի, նաև մատչելի կարող է լինել հատկապես երիտասարդ մարզիկների համար: «Ակնկալում եմ ձեր կոնկրետ առաջարկությունները՝ ֆեդերացիայի հետագա զարգացման և թեքբոլի մասսայականացման աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ»,- հյուրերին է դիմել նախարարի պաշտոնակատարը: 

Նշենք, որ նույն օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել են թեքբոլի ցուցադրական ելույթներ:
Ետ գնալ