ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային հանդիպում Ծաղկաձորում

07 հունիս 2018
Ծաղկաձորում ընթանում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը: 

Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Նիստը կտևի երկու օր՝ հունիսի 7-ից 8-ը՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում: 

Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը. «Լինելով չափսերով փոքր՝ Հայաստանը աշխարհին է ներկայանում որպես մարզական նշանակալի ձեռքբերումներով երկիր: Մենք պարտավոր ենք պահպանել և ավելացնել մեզ հասած մարզական ժառանգությունը: Իսկ նմանատիպ հանդիպումները հիանալի հարթակ են բարեկամ երկրների ոլորտի ղեկավարների հետ ռազմավարական կարևոր խնդիրներ քննարկելու և դրանց լուծման ճանապարհները գտնելու համար: Շնորհակալություն և բարի գալուստ մեր երկիր»,- ասել է նախարարը:

Նիստի երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկելու են 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության և հակադոպինգային քաղաքականությանը վերաբերող և այլ հարցեր:

Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաև 2018 թվականին Ղրղզստանում անցկացվելիք ազգային մարզաձևերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, ինչպես նաև տեղի կունենա «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառման ներկայացումը (պրեզենտացիան):
Ետ գնալ