ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

18 հուլիս 2015
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Սարգիսով) Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում սկրատչ մրցաձևում (40 շրջան խմբակային մրցավազք) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 

Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, և որի շնորհիվ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացել մեր երկրի դրոշը: 

Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև մեր մյուս հեծանվորդներ Պավել Ստեփանյանն ու Մհեր Մկրտչյանը` զբաղեցնելով համապատասխանաբար 10-րդ և 19-րդ տեղերը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք է վերադառնալու այսօր՝ հուլիսի 18-ին՝ կեսգիշերին մոտ: 

Հիշեցնենք նաև, որ մինչ առաջնությունը Ծաղկաձորում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմի անդամներին այցելել և հաջողություն էին մաղթել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:
Ետ գնալ