ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր նախարարությունում հյուրընկալել են Լոս-Անջելեսի հայկական Շամլյան վարժարանի սաների ծնողներին և մարզիչներին

13 ապրիլ 2017
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալել են Լոս Անջելեսի հայկական Շամլյան վարժարանի սաների ծնողներին և մարզիչներին, որոնք հայրենիքում են վարժարանի սաների համար յուրաքանչյուր տարի կազմակերպվող այցելության շրջանակներում: Ծնողներին ուղեկցում էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ Ալֆրեդ Հավանը:

Շամլյան վարժարանի սաների ծնողներից և մարզիչներից կազմված պատվիրակությանն ընդունել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը և ողջունել նրանց այցելությունը պատմական հայրենիք: «Մենք հետևում ենք սփյուռքում բնակվող պատանի հայ մարզիկների հաջողություններին և հպարտանում նրանց բոլոր ձեռքբերումներով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ըստ անհրաժեշտության կազմակերպում է սփյուռքահայ մարզիկներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցը` հնարավորություն տալով նրանց հանդես գալու հայկական եռագույնի ներքո և ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցաշարերում»,- ասել է Վ. Էլոյանը: 

Ալֆրեդ Հավանը և մյուս ներկաները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այցելությունը մայր հայրենիք մեծ նշանակություն ունի սփյուռքաբնակ բոլոր երեխաների համար: «Սա Շամլյան վարժարանի կողմից կազմակերպված 8-րդ այցելությունն է Հայաստան, որին այս տարի մասնակցում են շուրջ 75 սաներ: Այս այցելությունները նրանց համար ճանաչողական մեծ նշանակություն ունեն»,- ասել է Ա. Հավանը:
Ետ գնալ