ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել են փորձագիտական այցերը «Երիտասարդական մայրաքաղաք-2018» ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքներ

31 հուլիս 2017
«Երիտասարդական մայրաքաղաք-2018» ծրագրի շրջանակներում կատարվել են փորձագիտական այցեր Գավառ, Ջերմուկ և Իջևան քաղաքներ: 

Հուլիսի 20-ին փորձագիտական խումբը եղել է Գավառի քաղաքապետարանում, այնուհետև հյուրընկալվել Գեղարքունիքի մարզպետարանում: Հյուրերը Գավառի պետական համալսարանում այցելել են համալսարանի պրոֆեսոր Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարան: 

Հուլիսի 24-ին մրցույթի փորձագետները և կազմկոմիտեի անդամները այցելել են Ջերմուկ, քաղաքապետարանում հանդիպել Ջերմուկի երիտասարդներին, ավելի շատ տեղեկություններ ստացել քաղաքի, բնակչության, Ջերմուկում իրականացված և առաջիկա ծրագրերի մասին: Փորձագետները երիտասարդների ուղեկցությամբ այցելել են Ջերմուկի երիտասարդական կենտրոն, մանրամասն ծանոթացել կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: 

Հուլիսի 27-ին փորձագետները և կազմկոմիտեի անդամները հյուրընկալվել են Իջևանում, այցելել քաղաքապետարան, եղել Իջևանի արվեստի դպրոցում, մշակույթի տանը և երաժշտական միջնակարգ դպրոցում: Իջևանյան այցի շրջանակում փորձագետներն այցելել են նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն» կազմակերպության և «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի գրասենյակներ: Փորձագիտական խումբն այցելել է նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել ուսանողական խորհրդի անդամների հետ, եղել Ենոքավանի «Ապագա Ռեզորթ» հանգստի գոտում և մի շարք հյուրանոցային համալիրներում:

Նշենք, որ մասնակցության հայտ ներկայացրած քաղաքներ կատարված փորձագիտական այցերին հաջորդում է փորձագիտական գնահատականների և կարճ հաղորդագրությամբ քվեարկությունների (SMS) փուլը: Երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս ուշադրություն է դարձվում քաղաքների հասարակական կազմակերպությունների և քաղաքապետարանի համատեղ ներկայացվող համայնքային, մարզային և հանրապետական բնույթի ծրագրերին, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ակտիվությանը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքներին` հյուրանոցներին, տրանսպորտային միջոցներին և այլն:
Ետ գնալ