ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

12 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքների հարցերն է քննարկել սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Յուլիուս Կրալիկի (Julius Kralik) հետ: 

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանի առավելագույնը՝ Եվրոպայի առաջնությունը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Վստահ եմ, որ Երևանում եվրոպական երկրների լավագույն երիտասարդ սուսերամարտիկների մրցելույթները կնպաստեն Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը և ավելի մասսայականացմանը, իսկ եվրոպական բոլոր երկրներում առաջնության լուսաբանումը հաջողությամբ կարող է ծառայել մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պարոն Կրալիկը նշել է, որ սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան կանի ամեն ինչ, որպեսզի առաջնությունն ընթանա եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան: 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, որը նախարարի տեղակալին տեղեկացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին: 

Տեղեկացնենք, որ սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն իրենց երկրում անցկացնելու համար պայքարել են երկու երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը և Իսրայելը: 2018 թվականին Երևանում անցկացվելիք առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-ից 20-ը, որին կմասնակցեն եվրոպական բոլոր երկրների շուրջ 500 սուսերամարտիկներ:
Ետ գնալ