ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական

31 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական՝ Սփյուռքի երիտասարդներին ևս հնարավորություն տալով իրենց գաղափարներ ներկայացնել նպաստ հայրենիքի զարգացման: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում՝ այս տարվա մրցույթի անվանակարգերը հաստատելու և անցկացման ժամկետները հստակեցնելու համար: Քննարկմանը նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացված մրցույթի սահմանները կարելի է ընդլայնել. «Սերտորեն համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ նաև մեր աշխարհասփյուռ երիտասարդներին ներգրավելու, նրանց գաղափարները լսելու, դրանք հանրայնացնելու հնարավորություն կընձեռենք: Մրցույթի անվանակարգերի քննարկումն ու վերջնական հաստատումը կարեւոր են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը»: 

Արսեն Քարամյանի խոսքով՝ այսօր առաջնահերթ նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումները. «Պետք է գաղափարական բարեփոխումներ կատարենք, որպեսզի մեր վաղվա օրը լինի ավելի լավը: Բարեփոխումների իրականացման գործում մշտապես առաջնահերթ է երիտասարդների ներգրավվածությունը»,- նշեց նախարարի տեղակալը: 

Երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի անդամները որոշեցին առաջիկա օրերի ընթացքում վերջնականապես հստակեցնել նոր, արդեն համահայկական դարձած մրցույթի կանոնակարգը, մասնակցության պայմանները, անվանակարգերը, ինչպես նաև անցկացման ժամկետները:
Ետ գնալ