ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համաձայն 2019 թվականի հունվարի 31-ին դրամաշնորհային մրցույթի մասին տրված հայտարարության հրավիրում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին մասնակցելու 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթին:
Հայտը, ինչպես նաև հայտին կցվող ֆինանսական նախահաշիվը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:
Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի (ձևը կցված է) հետ միաժամանակ պետք է կցի`
1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է):
4. Կազմակերպության կանոնադրությունը:
Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:
Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:
Հատուկ հիշեցում՝ Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:
Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝
Կազմակերպության կանոնադրությունը, գրանցման վկայական:
Ծրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր):
Կազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):
Դրամաշնորհի տրամադրման շրջանակներն են՝
Երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում,
Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,
Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,
Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում
Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,
Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով
Շրջակա միջավայրի պահպանություն:
Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ կցվող փաստաթղթերը): Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 5-ը, ժամը 12:00 ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել 2019 թվականի մարտի 29-ից, ավարտը ոչ ուշ քան դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):
Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութային հանձնաժողովի նախագահ Քր. Ասատրյանին:
Հայտերը բացվում են 2019 թվականի մարտի 5-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին:
Հայտերի գնահատման ձևաչափը կքննարկվի հանձնաժողովի նիստին: Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի:
Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:
Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:
Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:
Կից ներկայացնում ենք հայտի, ծրագրի իրականացման ժամանակացույցի, նախահաշվի ձևերը, ինչպես նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը: