ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ » 2017 թվականի մրցույթ

08 նոյեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը (այսուհետ` Մրցույթ): Մրցույթի մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով. 

1. Նախարարությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 10-ը հրապարակելու է 2017 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): 

2. Մինչև 2017 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին: 

Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը: 

Մրցույթի հաղթողները որոշվելու են 50 տոկոս SMS քվեարկության և 50 տոկոս մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: 

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 1800-ը), իսկ մարզական լրագրողների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին` ժամը 1600-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: 

Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն: 

Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն են իրականացնելու (բաց քվեարկություն՝ արդյունքների հրապարակմամբ): 

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար մարզական լրագրողների հավատարմագրումը` Նախարարությունում մարզական լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն: 


Ետ գնալ