ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհային մրցույթ Չարենցավանի երիտասարդական ՀԿ-ների համար

18 մայիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով: 

Դրամաշնորհների չափը մինչև 500 000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնայնությունները պետք է համապատասխանեն ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի № 1693-Ն որոշմամբ հաստատված 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակայություններին, այն է` 

•քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում 
•երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ 
•երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում 
•երիտասարդների հոգեւոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն 
•կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն: 

Մրցութային հայտերն ընդունվում են 2017 թվականի մայիսի 19-ից հունիսի 2-ը ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել ոչ ավելի շուտ, քան 2017 թվականի հուլիսի 1-ը, իսկ ավարտը` ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 10-ը: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9):

Ուշադրություն 

Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`
 
1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկած գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները, կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված և անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ միասին: 
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է): 
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևւաչափը կցվում է): 
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31: 

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:
Ետ գնալ