ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գործառույթներ


Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.
5) վարում է սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը.
6) բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.
7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
8) աջակցում է հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.
9) իրականացնում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը.
10) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.
11) աջակցում է ազգային սպորտային խաղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.
12) ապահովում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.
13) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
14) միջազգային սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբեր, անհատ մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.
15) համագործակցում և մասնակցում է միջազգային սպորտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.
15.1.) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ.
16) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
17) սահմանում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում սպորտային, մանկապատանեկան և երիտասարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.
18) վերլուծում է ծառայությունների շուկան սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.
19) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.
20) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր.
21) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.
22) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում սպորտային, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.
23) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)
24) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)
25) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.
26) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)
27) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը.
28) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.
29) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում`
ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,
բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.
30) մշակում է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ: